Սա մի օր պիտի պայթեր ու պայթեց՝ Արա Բաբլոյանի պաշտոնական այցի առաջին սկանդալը, որ հանրայնացնում են ռուսական լրատվամիջոցները, մինչդեռ պաշտոնական Հայաստանը համեստորեն շրջանցում էր ու փորձում լռության մատնել: Ռուսաստանում 2017-ի հունիսի 1-ից գործում է օրենք, որն օտարերկրյա քաղաքացիներին արգելում է երկրի տարածքում աշխատել ազգային վարորդական իրավունքով: Ի հավելումն այդ օրենքի՝ հուլիսի 14-ին Պետդուման ընդունեց օրենք, որով ՌԴ տարածքում ճանաչվում է ԵԱՏՄ այն երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը, որտեղ ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ, այսինքն՝ բելառուսները, ղազախները, ղրղզները կարող են վարորդ լինել, հայերն ու տաջիկները՝ ոչ: Ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու է Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում: Ինչո՞ւ են ռուսներն ընդունել այս օրենքները: Ռուսաստանն ինքնիշխան երկիր է, ազատ իր տարածքում սահմանել ու բեկանել օրենքներ: Բայց բացի ինքնիշխան երկիր լիելուց՝ Ռուսաստանը եվրասիական տարածքը միավորող միության հիմնադիր անդամ է՝ ԵԱՏՄ-ի, որտեղ գործում են մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժի իրավունքները: Ի՞նչ ազատ տեղաշարժի իրավունք կարող է լինել, եթե միասնական տարածքում քաղաքացուն զրկում են աշխատանքի իրավունքից:
Օրենքի գործարկման հետևանքով արգելվում է աշխատանքային պայմանագրեր կնքել օտարերկրյա քաղաքացիների հետ: Ռուսաստանում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը, շատերն էլ տուն են վերադարձել: Հունիսի 1-ից հետո հարցը քննարկվել է ԵԱՏՄ կառույցում ոչ պաշտոնապես և հայտարարվել է, որ հարցը վերաբերում է ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանը ու դուրս է ԵԱՏՄ իրավասության շրջանակներից: Իհարկե, դուրս է, միանգամայն դուրս է, որովհետև հարցը ոչ վարորդներին ու նրանց աշխատանքի հնարավորությանն է վերաբերում, ոչ էլ նպատակ ունի աշխատանքով ապահովելու ռուս վարորդներին, կամ բելառուս, ղազախ ու ղրղզ: Չինաստանում ևս ռուսերենը երկրորդ պետական լեզու չէ, ռուսական շանտաժով Պեկինը անհասկանալի լեզուն հայտարարելու է երկրորդ պետակա՞ն: Իհարկե, ոչ: Չինաստանը թիրախ չի եղել: Թիրախում Հայաստանն ու Տաջիկստանն են: Բոլորովին վերջերս էլ կրթության ՌԴ նախարարն էր հայտարարել, որ ԵԱՏՄ տարածքում պետք է կիրիլիցայի անցնել: Մինչդեռ, օրինակ, Ղազախստանը տասնամյա ծրագիր է վերցրել կիրիլիցայից անցնել լատինատառ գրության: Աստանայի նպատակը գլոբալ ինտեգրումն է ու թուրքալեզու աշխարհին համապատասխանեցումը: Ինչո՞ւ Ռուսաստանը չի առարկում Ղազախստանի լատինատառ գրությանն անցումին, բայց առաջարկում է, որ հազարամյակների դպրություն ունեցող Հայաստանը անցնի կիրիլիցայի, որ ոչ հնչյունաբանական, ոչ ձևաբանական առումով առնչություն չունի հայկական գրերի հետ, բայց ունի քաղաքական իմաստ: Թվում էր՝ սկանդալը պտտվեց-պտտվեց ու մարում է, իսկ վարորդների հարցին ինչ-որ փոխընդունելի լուծում կգտնվի, բայց Մոսկվա է գնացել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և իբրև պետական ազնիվ գործիչ՝ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը բարձրացրել է վարորդների հարցը ու ստացել կանխատեսելի, բայց պետական-պաշտոնական մակարդակում հնչելու պարագայում անթույլատրելի ու աբսուրդ պատասխան՝ «Ես կարող եմ միայն ասել՝ տվեք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և այդ դեպքում [հուլիսի 14-ին ընդունված] օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»:
Ոչ ոք ոչինչ չէր իմանա Բաբլոյան-Վոլոդին երկխոսությունից, եթե տեղեկությունը չտարածեր ռուսական մամուլը՝ շրջանցելով հայկական կողմի պատասխանը, որը հերթական հաստատումն է՝ հարցը քաղաքական է, պարզապես քաղաքական շանտաժ է, որ ոչ մի կապ չունի կոնկրետ խնդրի հետ: Այսօր վարորդներն են, վաղը կարող են հետիոտները լինել:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվա մեկնած Արմեն Աշոտյանը հանդիպման ժամանակ պատասխանել է ՌԴ Պետդումայի նախագահին, իր խոսքով, նա ասել է, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդիր օրակարգում չկա և չի նախատեսվում:
Դարասկզբից Ռուսաստանը փորձում է Հայաստանին պարտադրել երկրորդ պետական լեզու, 2001-ին Երևանում, Ազգային ժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ նույն հարցը բարձրացրեց՝ ստանալով ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի պատասխանը՝ մոտավորապես նույն բովանդակությամբ, ինչ Արմեն Աշոտյանն է Վյաչեսլավ Վոլոդինին ասել՝ ռուսերենի դասավանդման մակարդակի բարելավման, ներկայացված հումանիտար ոլորտի փոխհարաբերությունների ինտենսիվ մակարդակի մասին և այլն, և այլն: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ հայկական կողմը հարկ է համարում նշել, որ «Հանդիպումն անցել է շատ բաց, գործընկերային քննարկման ձևաչափով։ Հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, այդ թվում՝ միջխորհրդարանական, թույլ է տալիս լինել առավելագույնս ազնիվ»: «Հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում շատ ինտենսիվ զարգանում են և ռուսաց լեզուն մենք դիտարկում ենք որպես համաշխարհային նշանակության լեզուներից մեկը, որը նաև ռուսական քաղաքակրթության ժառանգության բանալի է, սակայն, Հայաստանում սահմանադրական կարգավիճակ շնորհելու որևէ հիմքեր և հեռանկարներ չունի»՝ կարծում է Արմեն Աշոտյանը, ինչպես ժամանակին համոզված էր ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը:
Իսկ վարորդնե՞րը: Վարորդական իրավունքների ճանաչման խնդիրը երկու կողմերը պայմանավորվել են քննարկել այլ հարթությունների մեջ՝ «Պայմանավորվեցինք համատեղ քննարկումների ձևաչափ ունենալ, որպեսզի ոչ միայն այդ, այլև մի շարք այլ խնդիրներ միջխորհրդարանական քննարկման արդյունավետ ձևաչափերով հետագայում մանրամասն քննարկվեն։ Երկու խոսնակներն այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերեցին, օրինակ՝ համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու»,- տեղեկացրել է Արմեն Աշոտյանը:
Ոչ Արմեն Աշոտանը, ոչ Արա Բաբլոյանը, ոչ Վոլոդինին հանդիպած ԱԺ պատգամավորներից որևէ մեկը չի հիշել, որ նման պահանջ դնելը նշանակում է ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտել: Իսկ դա, բարեկամական հարաբերությունների պարագայում, ոչ ազնիվ է, ոչ էլ պատշաճ: Բայց կա՞ն այդ հարաբերությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հետաքրքիր է, իսկ Արա Բաբլոյանի մտքով չի՞ անցել ևս մեկ «ավելորդ» հարց տալ ՌԴ Պետդումայի նախագահին, ասենք, ինչո՞ւ է Ռուսաստանը զենքի նորանոր խմբաքանակներ վաճառում Ադրբեջանին: Դո՞ւրս է եկել ՀԱՊԿ-ից, թե՞ ՀԱՊԿ-ն էլ, ԵԱՏՄ-ն էլ խաղալիքներ են, որ ցույց են տալիս, հետո պահում են, մինչդեռ երեխան հավատում է, որ իրենն են: